Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մեկնարկում է «Ծիրանի ծառ» կինոփառատոն-2017-ը

Մեկնարկում է «Ծիրանի ծառ» կինոփառատոն-2017-ը
30.09.2017 | 15:08

2017թ.-ի հոկտեմբերի 1-5 Հայաստանում 3-րդ անգամ տեղի կունենա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը: «Ծիրանի ծառը» «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է: Սա ոչ միայն զանազան մարդկանց, ժողովուրդների ու համայնքների զարկերակը պատկերող վավերագրական ֆիլմերի տոն է, այլև մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած կինոգործիչները կարող են հանդիպել, զրուցել ազատ մթնոլորտում՝ քննարկելով գաղափարները և կազմելով հետագա համագործակցության հնարավոր ծրագրեր:

Այս տարի փառատոնը տեղի կունենա Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Երկու մրցութային՝ կարճամետրաժ և լիամետրաժ ծրագրերում ընդգրկված են 30 ֆիլմ՝ 25 երկրից, որոնք ընտրվել են այս տարի փառատոնի ստացած շուրջ 1650 հայտից: Ցուցադրություններ կլինեն ինչպես երևանյան «Մոսկվա» կինոթատրոնում, այնպես էլ Ուջանում:


Բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանրահայտ «Մի ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռուշի 100-ամյակին:
Հաջորդ առավոտ մասնակիցները կմեկնեն Ուջան, որտեղ և կանցկացնեն մնացյալ 4 օրերը: Նրանք ապրելու են հյուրընկալ գյուղացիների տներում և յուրաքանչյուր օր սեղան են կիսելու նրանց հետ: Մասնակիցների բնակության համար ընտրվել են այնպիսի տներ, որոնցում երեխաները տիրապետում են անգլերեն լեզվին: Այսպիսով՝ ուջանցի երեխաները կլինեն միջազգային կինոփառատոնի կամավորներ: Գյուղում լինելու են ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, զանազան համերգներ: Յուրաքանչյուր օր մասնակիցների մասնակցությամբ տեղի կունենան «Զրույցներ կինոյի մասին», որտեղ փառատոնի հյուրերը՝ տեղացի և արտասահմանցի կինոգործիչները, կքննարկեն կինոյի խնդիրները: Դրանց տրամաբանական ավարտը կլինի փառատոնի շրջանակներում Ուջանում անցկացվող կինոմասնագետների ժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության եղանակների ընդլայնման խնդրին:


Փառատոնի ավարտին՝ փառատոնային ֆիլմերը տարվա ընթացքում ցուցադրվելու են Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում՝ որպես առանձին նախագիծ:
Առաջին անգամ «Ծիրանի ծառ» կինոփառատոնն անց է կացվել 2015թ.-ի հոկտեմբերին: Եվ եթե այդ տարի այն սահմանափակվեց միայն Երևանով, ապա մեկ տարի անց փառատոնն իր ֆիլմերով հյուրընկալվեց նաև Ուջանում և Գյումրիում: 2016-ին փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկված էր 40 ֆիլմ՝ 22 երկրից, և մասնակցում էին 17 հեղինակ 8 երկրից: Ուջանում անցկացնելով մեկ օր՝ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ հայկական գյուղի կենցաղին, իսկ փառատոնն, իր հերթին, հատուկ ցուցադրություն կազմակերպեց գյուղի համար:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ